Թեպետ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին մեր գալլական արմատները ներկայացնում է իբրև ազգային նույնականության հիմք («Հենց դուք դառնում եք ֆրանսիացի, ձեր նախնիները գալլերն են»՝ սեպտեմբերի 19-ին հայտարարեց նա), պատմաբան Կառոլ Ռեյնո-Պալիգոն դա համարում է քաղաքական շրջանառություն ստացած միֆ: Նման տեսակետներն արտացոլում են ազգային նույնականության միֆական հայեցակարգը, որը ժխտում է Ֆրանսիայում ներգաղթյալների հոսանքների ամբողջ ներդրումը: Այդ կարևոր պահի մասին վաղուց է խոսել պատմաբան Ժերար Նուարելը՝ թույլ ժողովրդագրության բերումով Ֆրանսիան շատ վաղ է սկսել օգտագործել ներգաղթը երկրի տնտեսական զարգացման համար: Սկզբում դա վերաբերեց եվրոպական մերձակա պետություններին, հետո ավելի հեռուներին, երբ պահանջվեց ընդլայնել շրջանը:
«Գալլական արմատների» փառաբանումը ջնջում է Ֆրանսիայի ստացած տնտեսական ու մշակութային բարիքները (այդ գործընթացն առանց դժվարությունների ու քսենոֆոբիայի չէր, ինչպես Ժերար Նուարելն է ցույց տալիս իտալացիների օրինակով): «Գալլական» պատկերացումները սերտ կապված են այս կամ այն ազգի ծագման լեգենդների հետ, որ գոյություն են ունեցել տարբեր դարաշրջաններում ու շաղկապվում են սոցիալ-քաղաքական իրավիճակին: Միջին դարերում այդպես էր աշխատում տրոյական միֆը՝ Եվրոպայի ժողովուրդների մեծ մասն իրեն անվանում էր Էնեոսի ժառանգներ, ով Տրոյական պատերազմից հետո փախավ Եվրոպա: XIX դարում տրոյական առասպելից հրաժարվեցին, որովհետև Եվրոպայում աճում էր մրցակցությունը և ընդհանուր արմատները անհավանական էին թվում: Յուրաքանչյուր ազգ սկսեց ձևավորել սեփական միֆը, որ տարբերվի մյուսներից: Անգլիայում առաջին տեղում հայտնվեցին անգլոսաքսոնական արմատները, Գերմանիայում՝ գերմանական:
Ֆրանսիայում Նապոլեոն III-ը գալլերին հղումն օգտագործում էր իբրև քաղաքական ռազմավարության մաս՝ կայսրն ուզում էր միավորել ֆրանսիացիներին իրենց ծագման առասպելի շուրջ և վերացնել սոցիալական տարաբաժանումը պրոլետարիատի ու բանվոր դասակարգի պահանջների ձևավորման համապատկերում: Նա աջակցում էր այդ թեմայով հնագիտական պեղումներին և գիտական հետազոտություններին: Հետո դպրոցական դասագրքերը տարածեցին այդ լեգենդը Գերմանիայի հետ դաժան մրցակցության պայմաններում, որ հասավ գագաթնակետին 1870-ի պատերազմով: Գերմանների հետ կռված գալլերի միֆը ամրագրվեց ամենուրեք՝ և մտավորականների շրջանակներում, և լայն հասարակության՝ ծաղկում ապրող մամուլի միջոցով: Պատմության դասավանդման մեջ հայտնվեց իսկական «ազգային վեպ»:
XIX դարում արմատների մասին այդ միֆերը կապված էին ազգայնական տրամադրությունների հետ, որ աստիճանաբար ուժեղանում էին եվրոպական երկրների հասարակություններում: Հիմա միֆերի շրջանառությունը նույնպես քաղաքական է՝ վերջին մի քանի տարիներին նույնականության հարցերը առաջին տեղում են, իսկ սոցիալ-տնտեսականները ստվեր են մղվում: Խոսքը պատմության նոր քաղաքական կիրառության մասին է առաջադիմական գաղափարախոսության ճգնաժամի պայմաններում: Դա նշանակում է, որ պրոբլեմներն արվարձաններում կապված են ոչ սոցիալ-տնտեսական բարդությունների հետ (վատ առաջադիմություն, զանգվածային գործազրկություն և այլն), այլ ֆրանսիականի հետ անհամատեղելի մշակութային նույնականության: Այս տեսակետը բոլորովին հաշվի չի առնում սոցիոլոգների ու անտրոպոլոգների դիտարկած ապամշակութայնացման երևույթը՝ ներգաղթյալի մշակույթը քարացած չէ, այլ փոխվում է նոր երկրի հետ փոխգործակցության մեջ: Բացի այդ՝ բազմաթիվ սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինտեգրացիան աշխատել ու աշխատում է բնակչության մի մասի ճնշման համար: Գալլական արմատների մասին հռետորաբանությունը դառնում է ազգայնական միտումների արտացոլում (արտասահմանյանի մերժում և կառչում միֆական նույնականությանը), որ Եվրոպայում ամենուր թափ է առնում:
La Croix, Ֆրանսիա
Հ.Գ. Գալլերն ու ֆրանսիացիները առանձին թեմա է, թերևս լավագույն մեկնաբանությունը տվել է Հուլիոս Կեսարը իր «Գալլական պատերազմներում», որ նույնպես քաղաքական մշակույթի մաս էր: Բայց գալլական արմատների միֆական վերածնունդը հազիվ թե Ֆրանսիայում ազգայնականություն է՝ իրականում ֆրանսիացիների ինքնապաշտպանությունն է թե միգրանտներից, թե իրենք իրենցից, որ բազմամշակութայնության ու հանդուրժողականության համաեվրոպական արժեհամակարգում կորցնում են իրենց տեղը ու չգիտեն ինչ անել: Քաղաքականությունը պատճառ չէ, այլ միջոց: Սոցիոլոգիական ու անտրոպոլոգիական հետազոտությունները չեն կարող բացատրել ահաբեկչությունները Եվրոպայում ու Ֆրանսիայում՝ սպանություններն ու պայթյունները տարբեր քաղաքներում ոչ թե արտասահմանյանի մերժում են ու սեփականից կառչում, այլ՝ անպաշտպանություն գրոհող օտարականների առաջ, որ բնավ էլ չեն ապամշակութայնանում, այլ իրենց արժեհամակարգն են փորձում պարտադրել: Սա` մեկ, երկրորդ՝ իսկ ովքե՞ր են հայերիս «գալլերը»: Մեր նույնականացումը որտե՞ղ ենք գտնելու, քաղաքական ի՞նչ խնդիր է այսօր լուծում մեր նույնականացման որոնումը: Թե՞ չենք էլ որոնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ